22 փետրվարի 2007 - 16:47 AMT
ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը կփորձեն խանգարել թուրք խորհրդարանականները
Թուրք խորհրդարանականների երեք առանձին պատվիրակություններ են մեկնելու Վաշինգտոն` ամերիկացի գործընկերներին համոզելու չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Պատվիրակությունները, որոնցում ընդգրկված են լինելու Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ գլխավոր ընդդիմադիր Հանրապետական - ժողովրդական կուսակցությունների ներկայացուցիչներ, Միացյալ Նահանգներ են այցելելու փետրվարի վերջին եւ մարտ ամսվա ընթացքում, քանի որ բանաձեւի նախագծի քննարկումը ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ակնկալվում է ապրիլին: Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը վերջերս Վաշինգտոնում ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ հանդիպումների ժամանակ կոչ էր արել կանխել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը: Նա հայտարարել էր, թե օրինագծի ընդունումը «կթունավորի» թուրք - ամերիկյան կապերը եւ «ամեն ինչ կփչացնի» երկու երկրների հարաբերություններում: Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է հունվարի վերջին: Ակնկալվում է, որ չնայած Սպիտակ տան ընդդիմությանը` բանաձեւը կընդունվի, քանի որ Կոնգրեսում ներկայումս մեծամասնություն կազմող դեմոկրատների թվում շատ են հայամետ կոնգրեսականները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: