Գործարկվել է հայատառ «.հայ» դոմենային գոտին, որի առաջին կայքը կլինի «նախագահ.հայ»-ը: Այս մասին մայիսի 4-ին լրագրողներին հայտնել է տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը:
«Հայատառ դոմենային գոտին հայերենի տարածման համար կարող է լուրջ նշանակություն ունենալ: Այն նաև լրջորեն կխթանի հայատառ ստեղնաշարի կիրառումն ու հայկական տառատեսակների ներդրումը ժամանակակից բջջային սարքավորումներում»,- ասել է Թադևոսյանը:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանի խոսքով, հայատառ դոմեյնի գործարկման աշխատանքները սկսվել են դեռևս 2012-ից:
«Կարող էինք ընտրել այլ անուններ, օրինակ, «.ամ», բայց կես տարվա քննարկումների արդյունքում որոշվեց, որ ամենագեղեցիկ վերջնատիրույթի անունը «.հայ»-ն է»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը:
Սաղյանը նկատել է, որ այս դոմեյնի դեպքում հայատառ գրելը պարտադիր է, քանի որ հակառակ դեպքում կայքի չի ճանաչի տեքստը:
Հայատառ դոմեյնում անվանում ստանալու համար արդեն 150 հայտ է ստացվել, որոնցից 70-ը՝ կառավարական գերատեսչություններ են:
Հուլիսին ICANN (The International Corporation for Assigned Names and Numbers) ընկերությունը հաստատել է .հայ բարձր մակարդակի նոր ինտերնետ-դոմեյնը:
Դոմեյնը տրամադրվել է «Հայաստանի ինտերնետ հանրություն» (ISOC) կազմակերպությանը, որը գրանցել է այն 2014-ին: ISOC-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը ներկայացնում է Հայաստանի գլխավոր ինտերնետ պրովայդերներին, համալսարանները, գրադարանները, ակադեմիան, հետազոտական կենտրոններն ու դպրոցական ցանցերը: 2007-ին ընկերությունը դարձավ բարձր մակարդակի .am հայկական լատինատառ դոմեյնի մենեջերը:
«.am» դոմենային անունը ՀՀ-ին տրամադրվել է 1994-ին: