24 փետրվարի 2007 - 16:47 AMT
Ֆրանսիայի նախարար. «Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Հայաստանի եւ հայերի հանդեպ»
Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ շատ ընդհանրություններ կան, առաջին հերթին մշակութային ոլորտում, եւ դրա փայլուն ապացույցը Հայաստանի տարին է Ֆրանսիայում: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել Ֆրանսիայի տարածքային բարեկարգման նախարար Քրիստիան Էսթրոզին: Նրա խոսքերով, Ֆրանսիայի հայ համայնքը շատ կազմակերպված է եւ մեծ դերակատարություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում: «Նրանք բոլորը 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկվածների եւ Ֆրանսիայում իր երկրորդ հայրենիքը գտած մարդկանց սերունդներն են»,-ընդգծել է Էսթրոզին: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը, չնայած վերջին տասնամյակների բոլոր փորձություններին, կարողացավ պահպանել իր քաղաքական մշակույթն ու ինքնատիպությունը: «Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Հայաստանի եւ հայերի հանդեպ»,-ասել է նա: