6 նոյեմբերի 2002 - 19:43 AMT
ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԻ ԼՈՒԾԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՆԱՏՕ-ն մտադիր չէ լուծել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներքին եւ միջազգային խնդիրները: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը: Նրա խոսքերով` դրանով պետք է զբաղվեն շահագրգռված երկրներն իրենք: Սակայն եթե ՆԱՏՕ-ն կարող է, ապա այն պատրաստ է օգնել Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին` հանդես գալով որպես խորհրդատու` անվտանգության ժամանակակից քաղաքականության եւ ժողովրդավարական ինստիտուտների կառուցման գործում, ընդգծել է գլխավոր քարտուղարը: «ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում արդեն զգացվում է շատ պարագաներում` տարածաշրջանի բոլոր երեք պետություններն էլ հանդիսանում են Եվրա-Ատլանտյան Գործընկերության Խորհրդի եւ «Գործընկերություն Հանուն Խաղաղության» ծրագրի անդամներ: Ավելի քան 10 տարի է, ինչ մենք համագործակցում ենք ամենատարբեր բնագավառներում»,- ասել է նա` հիշեցնելով, որ բոլորովին վերջերս` հոկտեմբերին, ՆԱՏՕ-ի անդամներն ու գործընկերները հանդիպեցին Երեւանում` ահաբեկչության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով: