Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է ամրապնդել զինադադարի ռեժիմը: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ավստրիական «Die Presse» օրաթերթին տված հարցազրույցում: «Երբ շարունակում են կրակոցները, հնարավոր չէ բանակցել»,-ասել է նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու չի պահպանվում զինադադարը`Քոչարյանն ասել է. «Զինադադարը հաստատված է 1994թ. կնքված զինադադարի մասին եռակողմ (Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Ադրբեջան) պայմանագրով: Չնայած պարբերաբար խախտումներին՝ այն առ այսօր գործում է: Ապրիլի 2-ին Ադրբեջանը խախտեց այդ պայմանագիրը՝ ծավալելով ռազմական գործողություններ: Ապրիլի 5-ին՝ համաձայն բանավոր պայմանավորվածության, վերականգնվեց 1994թ. պայմանագրի գործողությունը: Ադրբեջանը փորձում է տապալել Մինսկի գործընթացը: Այժմ կարևոր է, որ զինադադարի ռեժիմն ամրապնդվի: Մեզ մոտ զինվորները ապրիլի 5-ից հետո էլ են զոհվել»:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե նույնն է հայտնում Բաքուն` ԱԳ փոխնախարարն ասել է, որ չի կարող դա բացառել, քանի որ Լեռնային Ղարաբաղի բանակը ստիպված է պատասխանել կրակոցներին:
Շավարշ Քոչարյանը խոսել է նաև այն հարցի շուրջ, թե ինչու դա տեղի ունեցավ հիմա: «Սա Բաքվին ուղղվելիք հարց է: Տարբեր պատճառներ կարող են լինել: Բաքվի քաղաքականությունն է՝ այս հակամարտությունը բռնի ճանապարհով լուծել: Ակնհայտորեն, խաբկանք ունեին՝ բլիցկրիգ իրականացնելու: Դա չհաջողվեց: Երկրում մեծ դժգոհություն կա՝ կապված կոռումպացված ռեժիմի հետ: Պատերազմի միջոցով կարելի է ուշադրությունը շեղել»:
Խոսելով այն մասին, թե կարո՞ղ են Հայաստանն ու Ղարաբաղն իրենց քաղաքացիներին ընդհանրապես պաշտպանել` Քոչարյանն ասել է, որ պատերազմը վտանգ է բոլորի համար՝ թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների: «Իրենք ցույց տվեցին, որ իրենք այդ պայմանավորվածություններին չեն հետևում: Երբ խոսքը գնում է զինտեխնիկայի մասին, պետք է նշել, որ, այո՛, Բաքուն սպառազինվելու չեմպիոն է դարձել: Բայց դա չօգնեց իրեն ծրագրված բլիցկրիգն իրականացնելու հարցում»,-ասել է նա:
«Միջազգային միջնորդները պետք է Բաքվի հարձակումները հստակ դատապարտեն, այլևս չի կարելի աչք փակել: Բաքուն ամբողջ ընթացքում պահանջում է վերադարձնել «գրավյալ» տարածքները, սակայն լռում է այն մասին, որ նաև կան Լեռնային Ղարաբաղի շրջաններ, որոնք գտնվում են ադրբեջանական հսկողության տակ: Մադրիդյան սկզբունքներում խոսվում է Ղարաբաղի ինքնորոշման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ այստեղ փոխզիջման հնարավորություն կա»,-հավելել է նա:
Պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է փոխզիջման` Քոչարյանն ասել է, որ միակողմանի փոխզիջում չի լինելու:
«Անհրաժեշտ է գիտակցել, որ կան հարցեր, որոնք Հայաստանի իրավասության մեջ չեն գտնվում: Երևանը չի կարող ասել՝ մենք պատրաստ ենք հանձնել տարածքներ, այն դեպքում, երբ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Երևանը չի կարող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշում կայացնել: Դա ԼՂ-ն պետք է որոշի: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը, որպեսզի պահպանվի բանակցային գործընթացը»,-ասել է նա:
Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հեռանկարի մասին փոխնախարարն ասել է, որ ինչպես հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա ծավալի, դա կհանգեցնի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը:
Անդրադառնալով Ռուսաստանի միջնորդական նոր նախաձեռնությանը` Շավարշ Քոչարյանն ասել է, որ Ռուսաստանը միջնորդ է հակամարտություան մեջ, նա պետք է հավասարակշռվածությունը պահպանի:
«Պայմանագրերի համաձայն՝ Մոսկվան Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի: Սակայն Ռուսաստանը նաև շատ սերտ տնտեսական կապեր ունի Բաքվի հետ: Նա մեր դաշնակիցն է, սակայն նաև իր սեփական շահերն ունի՝ Ադրբեջանի հետ կապված: Հարավային Կովկասում՝ իր շահերի գոտում, նա միշտ հակված է լինելու բալանսը պահելուն»,-ասել է նա:
Անդրադառնալով հայ հասարակության շրջանում սուր քննադատությանը Ռուսաստանի դերի առնչությամբ, մասնավորապես, երկու կողմերին էլ զենքի վաճառքին` Քոչրայանն ասել է, որ հայկական կողմը շարունակաբար բարձրաձայնում է այդ հարցը, այդ թվում՝ նախագահի մակարդակով: «Մենք հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, և մենք ունենք բոլոր հիմքերը՝ դժգոհ լինելու: Ռուսաստանն ասում է, որ եթե ինքը այն չվաճառի, դա կանի մեկ ուրիշը: Ես կողմ եմ տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին: Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, կարող են հասնել դրան ՄԱԿ ԱԽ-ում: Դա ճիշտ կլիներ»:
Այն դիտարկմանը, թե դա նաև Հայաստանին կվերաբերեր, փոխարտգործնախարարն ասել է. «Բնականաբար: Դա միայն կախված է եռանախագահների հեղինակությունից»:
Հայկական կողմը ներկայացրել է միջազգային կառույցներին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը: ԱԳ նախարար Նալբանդյանը մասնավորապես ներկայացրել է այն պայմանները, որոնց կատարումը կնպաստի բանակցությունների վերսկսմանը: Նա նշել է, որ այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը: ։