6 նոյեմբերի 2002 - 19:42 AMT
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ, ԱՍԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
Եվրոպան եւ Ասիան կապող տարածաշրջանում խաղաղության եւ կայունության բանալին գտնվում է Հայաստանի ձեռքում: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը: Նրա խոսքերով` դա ավելի քան բավական է, որպեսզի համարենք Հայաստանը կարեւոր եւ արժեքավոր գործընկեր ամբողջական եւ ազատ Եվրոպայի մեր որոնումների մեջ: «ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակից ամեն մի երկիր համաձայն է, որ Եվրա-Ատլանտյան տարածքում կայունության եւ անվտանգության հաստատմանը կարելի է հասնել միայն համագործակցության եւ համատեղ գործողությունների ճանապարհով, եւ հաստատել է իր նվիրվածությունը ժողովրդավարության եւ միջազգային իրավունքի սկզբունքներին»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Հայաստանը ստանձնել է այդ պարտավորությունները եւ ակտիվ մասնակցում է «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում խորհրդատվություններին եւ համագործակցությանը, ավելացրել է նա: