ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դադարեցրել է Թուրքիայում սիրիացի փախստականներին օգնություն տրամադրող մի շարք հումանիտար գործողություններ` խարդախությունների դեպքերի մասին հաղորդագրությունների պատճառով:
Գործակալությունը դադարեցրել է նաև մասնավոր և իրավաբանական անձանց ֆինանսավորումը, քանի որ «զրոյական հանդուրժողականություն ունի խարդախությունների և չարաշահումների նկատմամբ, որոնք կատարվում են ամերիկացի հարկատուների միջոցների հանդեպ», Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:
Բացի այդ, կազմակերպությունը խոստանում է ամեն ինչ անել վատնված միջոցները հետ բերելու համար:
«USAID-ին աշխատում է նվազեցնել վնասը հումանիտար օգնության կարիք ունեցող սիրիացիների համար ծրագրերը շարունակելու այլընտրանքային տարբերակների որոնումներով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 10-ին Hurriyet-ն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի վրա հղումով հայտնեց, որ USAID-իի տեսուչները կոռուպցիոն գործարքների և հումանիտար աջակցության շրջանակում բեռները Սիրիա առաքող թուրքական ընկերություններին հավելավճարումների փաստեր են հայտնաբերել: Արդյունքում որոշվեց դադարեցնել Թուրքիայի տարածքով իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը:
Ապրիլի վերջին թուրք սահմանապահները 8 սիրիացու են սպանել, այդ թվում`կանանց և երեխաների, որոնք փորձել են ապօրինաբար հատել սահմանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փախչում են Սիրիայի պատերազմից: Վերջին 4 ամսում 16 մարդ է սպանվել, այդ թվում 3 երեխա:
Կարդացեք նաև՝ Եվրախորհրդարանը դադարեցրել է Թուրքիայի համար վիզաների չեղարկման աշխատանքը