17 մայիսի 2016 - 12:19 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սարգսյան. Ալիևը հավաստիացրեց՝ պատերազմելու նպատակ չունի, բայց դա քիչ հավատ է ներշնչում

Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպման ընթացքում հայկական կողմը նպատակ է ունեցել պարզել՝ բանակցությունները փակուղում են, թե՞ ոչ: Այս մասին Վիեննայից վերադառնալու ճանապարհին լրագրողներին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր նպատակն էր՝ պարզել արդյոք իրականության մեջ բանակցությունները մտել են փակուղի, և այլ ելք չկա, քան պատերազմելը, թե՞ այնուամենայնիվ մենք կարող ենք խնդիրը լուծել քիչ կորուստներով»,- պարզաբանել է Սարգսյանը և նշել, որ հանդիպման արդյունքները բավարար են:

«Ընդհանուր առմամբ ես և իմ գործընկերները բավարարված ենք հանդիպման արդյունքներով: Մանրամասներին անդրադառնալու անհրաժեշտություն չկա՝ ելնելով մի քանի հանգամանքներից: Բայց այնուհանդերձ Ադրբեջանի նախագահը հավաստիացրեց, որ իր երկիրը և ինքն անձամբ նպատակ չունի պատերազմական գործողություններով հասնել ինչ-որ մի խնդրի լուծման», - մեջբերել է Panorama.am-ը:

Միաժամանակ նախագահը ակնարկել է, որ Ադրբեջանի ղեկավարի հավաստիացումներին պետք է սկեպսիսով վերաբերվել:

«Դուք շատ լավ հասկանում եք և, կարծում եմ, նույնիսկ կանխատեսում եք իմ արձագանքը, որը հետևյալն է. դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում, որովհետև այդպիսի խոսակցություններ եղել են բազմիցս, բայց իրականության մեջ արդեն մի քանի տարի է, որ պայմանավորվածությունը չի պահպանվում»,- նշել է Սարգսյանն ու հավելել.

«Բայց մենք իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով կամ կանխատեսումներով առաջնորդվելու, որովհետև պատերազմը լավագույն լուծումը չէ: Ուստի կտեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան:

Բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք ցանկացած ելքի: Իհարկե, մեր ցանկությունն է, որպեսզի այդ ելքը լինի խաղաղ ճանապարհով»:

Նախագահը նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում հայկական կողմն առաջարկել է, որպեսզի բարձր մակարդակով հաջորդ հանդիպումը կայանա շփման գծում համանախագահների կողմից մշտադիտարկման հաստատումից հետո:

«Խոսակցություն գնաց այն մասին, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել: Եվ մենք մի կառուցողական առաջարկություն արեցինք. քանի որ խոսքը գնում էր հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիթորինգի մեխանիզմների հաստատման մասին, մենք առաջարկեցինք, որպեսզի այդ մոնիթորինգը հաստատվի մինչ մեր հանդիպումը: Սա կլինի կողմերի կողմից կառուցողական մոտեցում»,- տեղեկացրել է Սարգսյանը:

«Եթե Ադրբեջանը համաձայն չլիներ, նրանք կառարկեին: Որևէ նախապայման չի նշվել մշտադիտարկման հաստատման համար», - նկատել է նախագահը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահը չի խոսել այն մասին, թե մշտադիտարկման մեխանիզմները կներդրվեն միայն հայկական կողմից զորքերի դուրս բերման դեպքում. «Նման բան նա չասաց»:

Սարգսյանի խոսքով, անհրաժեշտ է, որ համանախագահները համոզվեն՝ մեր նպատակը նախ ստատուս-քվոյի պահպանումը չէ, և մեր նպատակը չէ հավերժ պատերազմել:

«Մենք ցանկանում ենք մեր խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, որ ավելորդ կորուստներ չունենանք: Եթե ադրբեջանցիները խախտեն հրադադարի պայմանները, այլ ելք չենք ունենա, քան պատասխան տալ, որովհետև չպատասխանելը բերում է էլ ավելի մեծ խախտումների: Իրականությունը սա է: Չեմ կարծում, որ վաղվանից ընդհանրապես բացառվելու են խախտումները, բայց հուսով եմ, որ շատ ավելի հանդարտ կլինի, քան մինչ օրս:

Պատերազմի մասին չեմ ցանկանում խոսել, որովհետև ինքս տեսել եմ, ինչ բան է պատերազմը և չեմ ցանկանա, որ մեկ անգամ ևս այդ իրադարձությունները կրկնվեն: Միակ դեպքը, երբ արդարացված է պատերազմը, դա այն է, երբ այլ ելք չունես, երբ պարտադրված է պատերազմը», - շեշտել է նախագահը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը:Հանդիպմանը մասնակցել են երկու երկրի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Կարդացեք նաև՝ Հայտարարություն. Նախագահները համաձայն են արագորեն ավարտել հետաքննական մեխանիզմների ներդրումը

ՖՈՏՈՇԱՐՔ