Չիլիի խորհրդարանի ստորին պալատը մայիսի 18-ին ընդունել է բանաձև, որով դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
Մի խումբ պատգամավորների ներկայացրած չորսկետանոց փաստաթուղթն անցել է միաձայն, հայտնում է «Երկիր Մեդիան»: Փաստաթղթում դատապարտվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժի կողմից հայկական տարածքների վրա հրետանային կրակի և օդուժի օգտագործումը, 1994 թվականին կնքված հրադադարի խախտումը։ Միաժամանակ, Չիլիի ներկայացուցիչների պալատը վերահստատում է իր հավատարմությունը խաղաղությանը և կոչ է անում Ադրբեջանին, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ։
Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է.
«Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային և ցամաքային ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանագծում` ծանր հրետանու և վերջին սերնդի հրթիռների կիրառմամբ:
Վերոնշյալ ագրեսիան 1994-ին կնքված զինադադարի, ինչպես նաև վեճերի խաղաղ լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի նորմերի ամենակոպիտ խախտումն է:
Բռնության այս նոր սրման կապակցությամբ, որր հանգեցրել է քաղաքացիական և զինվորական մեծ կորուստների, Պատգամավորների պալատը դատապարտում է այս ագրեսիան, կոչ անում ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ բանակցությունների շարունակության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան»:
Բանաձևով կոչ է արվում Ադրբեջանի Հանրապետությանը վերահաստատել խաղաղության իր հանձնառությունը, անմիջապես դադարեցնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատերազմական գործողությունները և խստորեն պահպանել 1994-ին կողմերի միջև ձեռք բերված զինադադարը:
Կոչ է արվում Չիլիի կառավարությանը կողմերին հորդորել հավատարիմ մնալ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ընթացող բանակցություններին և այդպիսով խուսափել տարածաշրջանում անդառնալի հետևանքների հանգեցնող պատերազմի բռնկումից:
Բանաձևն ընդունվել է ի հեճուկս Սանտյագոյում Թուրքիայի դեսպանատանը, որը մեծ ճնշում էր գործադրում պատգամավորների վրա: Չիլին առաջին երկիրն է, որը խորհրդարանի մակարդակով դատապարտում է ադրբեջանական ագրեսիան:
Կարդացեք նաև. Կիպրոսի ԱԳՆ. Բաքուն պիտի հարգի ստատուս-քվոն, Անկարան՝ չապակայունացնի իրավիճակը