26 մայիսի 2016 - 16:19 AMT
ԱԳ նախարար. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավոր է պայմանների ստեղծման դեպքում

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 26-ին խորհրդարանում հերքել է տեղեկությունները, թե, Վիեննայից հետո, հունիսին սպասվող Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ հնարավոր է ղարաբաղյան հարցի վերաբերյալ համաձայնագիր ընդունվի:

Պատասխանելով հնարավոր համաձայնագրի մասին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, արտգործնախարարն ասել է, թե՝ Վիեննայում ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է այն, ինչ հայտարարվել է:

«Եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ հստակ նշված է 94 թվականի զինադադարի պայմանագրի անխտիր իրականացման անհրաժեշտությունը, համաձայնագրում նշվում է զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմ ներդնելու մասին, ինչպես նաև խոսվում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնվելու մասին», -ներկայացրել է արտգործնախարարը, գրում է Panorama.am-ը:

Անդրադառնալով հաջորդ հանդիպման հնարավորությանը, Նալբանդյանն ասել է, որ այդ հանդիպումը, ըստ նրա նվիրված է լինելու բանակցությունների վերսկսմանը:

«Պարզ է, որ բանակցությունների վերսկսելու համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն:

Եթե այդ մեխանիզմները ներդրվեն, եթե ստեղծվի մշտադիտարկման հնարավորությունը, եթե ընլայնվեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները և այսինքն` բացառվեն նոր զարգացումները, ինչպիսին եղան ապրիլի սկզբին, ապա հնարավոր կլինի սկսել այդ բանակցությունները: Այս պահին ջանքեր են գործադրվում հենց այդ ուղղությամբ», - ընդգծել է ԱԳ նախարարը:

Այդուհանդերձ, նախարարը տեղեկացրեց, որ հունիսի սկզբին հանդիպում է սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ նախարարի, այդ հանդիպումները լինելու են առանձին` Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ:

«Բացառված չէ, եթե բոլոր նախապայմանները ստեղծվեն և նախապատրաստվի այդպիսի հանդիպման հնարավորությունը, ապա կարող է լինել նաև հանդիպում», -հայտարարել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Այդ բանակցությունների հիմնական նպատակը, նախարարի փոխանցմամբ, պետք է լինի հիմնախնդրի կարգավորման գլխավոր ուղղությունների մշակումը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր պայման. վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկու՝ հասցեական հայտարարություններ և երեք՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: