Մայիսի 26-ին Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի հետ:
Հանդիպման ընթացքում Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները և ընդգծել, որ դրանք այդ պետության բարձր աջակցությամբ իրականացվող հայատյաց քաղաքականության հետևանքն են: Արման Թաթոյանը նշել է ԼՂՀ իրավապաշտպան և ժողովրդավարական հաստատությունների մասնակցության կարևորությունը միջազգային մակարդակի քննարկումներին՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական ագրեսիան ուղղված էր հենց ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ և որ իրավունքների պաշտպանությունն առաջնահերթ է՝ անկախ որևէ հանգամանքից: Դա կարևոր է բռնություն սերմանող ադրբեջանական ագրեսիվ շարունակական քաղաքականության պայմաններում:
Մասնավորապես, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների ներդրման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցեր:
Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է վատ վերաբերմունքի կանխարգելումը ազատազրկման վայրերում, այս նպատակով Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը: Կարևորվել է քաղաքացիական հասարակության և անկախ մասնագետների հետ համագործակցությունը՝ որպես արդյունավետ աշխատանքի գրավական:
Ընդգծելով Պաշտպանի հաստատության կանխարգելիչ դերը՝ կողմերը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Նշվել է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ իրավունքների պաշտպանության հարցը:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվ համագործակցել՝ նշված հարցերում համատեղ ծրագրեի իրականացնելու, կարևոր արդյունքներ արձանագրելու համար, հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, խոշտանգված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 2016-ի ապրիլի 9-ին և 15-ին դատարանը գրանցել է գանգատները և այդ մասին տեղեկացրել է դիմողների ներկայացուցիչներին: Դատարանը սեփական նախաձեռնությամբ գանգատներին տվել է անանունություն՝ սահմանափակելով այդ վարույթների շրջանակում ընդունվող որոշումների և այլ փաստաթղթերի հանրային հասանելիությունը:
Ընթերցեք նաև. Ադրբեջանցիների կողմից գլխատված զինվորների ընտանիքները դիմել են ՄԻԵԴ