Ապրիլյան բախումներից հետո ավելացել է Լեռնային Ղարաբաղի՝ բանակցություններին մասնակցելու պահանջարկը: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի դերի մասին Վաշինգտոնում կայացած վերլուծաբանների բանավեճի ժամանակ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Նա նշել , որ դեսպանի կարծիքով, եթե խորհրդային տարիների սերունդներն ունեին միասին ապրելու փորձ, ապա վերջին 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և Ադրբեջանում մեծացել են երիտասարդներ, որոնք երբեք չեն ապրել միմյանց հետ կողք կողքի: Ջոն Էվանսի կարծիքով, ԱՄՆ փորձում է խթանել առաջին հերթին հարաբերությունների բարելավում ժողովուրդների միջև.
«Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել, որպեսզի խնդիրը լուծվի տեղի ժողովրդի կողմից, այլ ոչ թե վերևներից որոշում իջեցվի: Մենք պետք է օգնենք բնակչությանն զարգացնել խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունը»: «(19)94 թվականին ղարաբաղյան կողմը հրադադարի պայմանագրի տակ ստորագրողներից մեկն էր և միշտ ակնկալվել է, որ որոշ փուլում Ղարաբաղը կմիանա բանակցություններին: Ապրիլյան իրադարձություններից հետո կարծում եմ, աշխարհում ավելի է զարգանալու այն մոտեցումը, որ Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնան»:
Անդրադառնալով Ռուսաստանի դերին` նախկին դեսպանը նշել է, որ Երևանի հետ հարաբերություններում Մոսկվան անշուշտ գործում է սեփական շահերից ելնելով և դա չպետք է որևէ մեկի համար զարմանալի թվա: Ռուսաստանի պետական բանասիրական համալսարանի դասախոս Սերգեյ Մարկեդոնովն իր հերթին նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է, սակայն, Մոսկվան դրա համար չի պատրաստվում կորցնել Ադրբեջանը:
Մարկեդոնովը հայտարարել է, որ չի տեսնում ուժեր, որոնք կստիպեին Ռուսաստանին դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին:
«Պատկերացնենք, որ վաղը Հայաստանը կախված չի լինելու Ռուսաստանից: Ի՞նչ այլընտրանք ունեք. ոչ մի»: Ռուսաստանցի վերլուծաբանի կարծիքով, զարգացած աշխարհը խտրականություն է դրսևորում Մոսկվայի նկատմամբ, թույլ չտալով Ռուսաստանին ազդեցություն գործադրել հարևանների վրա: «Սակայն, եթե Արևմուտքը հանդուրժում է, որ Հնդկաստանը, Պակիստանը կամ Թուրքիան փորձեն ազդել հարևան երկրների վրա, ապա Ռուսաստանի դեպքում դա չի հանդուրժվում»:
Ավելի վաղ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր, թե Ռուսաստանը հավասարության նշան չի դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Հայաստանը ՌԴ համար ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանը` ռազմավարական գործընկեր: Դրանք միանգամայն տարբեր մակարդակներ են և հավասարության նշանի մասին այստեղ խոսք լինել չի կարող»,-ասել էր դեսպանը:
2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար, որը սակայն մինչ օրս դեռ չի հասել պատվիրատուին: