31 մայիսի 2016 - 16:59 AMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Չեմ հավատում ԼՂ հակամարտության ռազմական լուծմանը»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի հավատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը: Այս մասին Վարշավայի համալսարանում նա հայտարարել է Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջին իրադարձությունների հետ կապված հայ ուսանողի տված հարցին ի պատասխան:

«Մենք այդ առնչությամբ հանդես ենք եկել հայտարարությամբ: Ես դիմել եմ երկու կողմին՝ կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ հարգանք դրսևորելու կոչով: Ես չեմ հավատում հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը», -ասել է նա, հաղորդում է Արցախպրեսը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ հավելել է. «Մենք հայտարարում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցությունների ուղիով կարգավորման և կրակի դադարեցման ռեժիմը հարգելու կարևորության մասին»:

Դեռ փետրվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում խուսափել իրավիճակի հետագա սրումից։ Բրյուսելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում,անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Ստոլտենբերգը շեշտել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը լարվածության թուլացման կողմնակից է։

Հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ում է՞լ են կարծում, որ իրավիճակը կարող է սրվել ղարաբաղյան գոտում, դաշինքի գլխավոր քարտուղարը հստակ պատասխան ի տվել՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք ուշադրությամբ հետևում են տարածաշրջանային զարգացումներին։