Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած հանդիպումը, ինչպես նաև հնարավոր հաջորդ հանդիպումը, շատ դրական ցուցանիշ է: Այդ մասին լրագրողներին է ասել Ադրբեջանում Եվրամիության առաքելության ղեկավար Մալենա Մարդը, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Ըստ նրա, Եվրամիությունը ողջունում է նման հանդիպումների անցկացումը:
«Մենք շատ ուրախ ենք, որ նման քայլեր են ձեռնարկվում ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես ակտիվ աշխատանք են տանում նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ»,-ասել է Մարդը:
Մայիսի 31-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ տեղեկատվության, քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները` նախապատրաստվելու համար հունիսյան գագաթնաժողովին, որի նպատակն է «ղարաբաղյան կարգավորման գործում հնարավոր արագ առաջխաղացումը»:
Հունիսի 2-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: