Բունդեսթագի դիմաց հավաքված և ցեղասպանության ճանաչումը պահանջող ցուցարարները մեծ ոգևորությամբ ընդունեցին գերմանացի պատգամավորների դրական քվեարկության մասին տեղեկությունը:
Հայերը, հույները, քրդերը, ասորիները և այլ հավաքվածները բանաձևի ընդունման մասին լուրը դիմավորեցին ծափերով ու վանկարկումներով: Այնուհետև ցուցարարները քոչարի պարեցին Բունդեսթագի մոտ՝ նշելով բանաձևի ընդունումը:
Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:
Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։
Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը: