2 հունիսի 2016 - 16:42 AMT
ՄԻԵԴ. Յունուսները համապատասխան բուժում չեն ստացել, նրանց անմարդկային են վերաբերվել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 10-ին հրապարակել է «Յունուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։

2015-ի ամռանը ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտեցին 8,5 տարվա ազատազրկման` մեղադրելով տնտեսական հանցանքների մեջ, իսկ նրա ամուսինը՝ իրավապաշտպան Արիֆ Յունուսը՝ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Նրանց նաև պետական դավաճանության մեղադրանք էր ներկայացված: Մեկ տարվա ազատազրկումից հետո նրանց խափանման միջոցը փոխարինվեց պայմանական կալանքով:

Դատարանը միաձայն որոշել է, որ Յունուսների գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ և 3-րդ հոդվածների խախտումներ են թույլ տրվել՝ անհատական գանգատների իրավունք և խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելում։

Ինչպես նշվում է վճռում, գործը վերաբերում էր հայտնի ադրբեջանցի իրավապաշտպաններ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ Լեյլա և Արիֆ Յունուսներին, որոնց կալանքի ժամանակ նրանց տրված բուժօգնությունը չի եղել համարժեք, գրում է Panorama.am-ը։

ՄԻԵԴ-ում գործի վարույթի ընթացքում որպես միջանկյալ միջոցառում դատարանի կողմից բավարարվել էր Լեյլա և Արիֆ Յունուսների խնդրանքը՝ բանտում ապահովել համապատասխան բժշկական խնամք։

Դատարանը, սակայն, գտել է, որ միջանկյալ միջոցառման հետ կապված Ադրբեջանի կառավարությունը չի իրականացրել անհրաժեշտ քայլեր և չեն ներկայացվել բժշկական զննության ապացույցներ։ Ըստ այդմ ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Լեյլա և Արիֆ Յունուսներին չի տրամադրվել համապատասխան բուժում կալանքի ժամանակ։

Արդյունքում ամուսինները ենթարկվել է երկարատև հոգեկան և ֆիզիկական տառապանքի, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։

ՄԻԵԴ-ը որպես արդարացի բավարարում սահմանել է 13.000 եվրո՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 4000 եվրո՝ երկու հայցատուների իրականացրած ծախսերի համար։

Յունուս ամուսիններն առողջական լուրջ խնդիրներ ունեն: Լեյլա Յունուսը լյարդի և տեսողության հետ կապված խնդիրներ ունեն: Նրա ամուսինը տառապում է սրտի սուր անբավարարությունից: