Շվեյցարական խորհրդատվական Henley & Partners ընկերությունը, որը զբաղվում է քաղաքացիության և մուտքի արտոնագրերի ստացման խնդիրներով, հրապարակել է աշխարհի քաղաքացիությունների իր առաջին վարկանիշը`Quality of Nationality Index (QNI): Վարկանիշը ցուցադրում է աշխարհի տարբեր երկրների անձնագրերի անաչառ գնահատականը:
Ըստ վարկանիշի, Հայաստանը 110-րդ տեղում է և համարվում է «միջին» որակի քաղաքացիություն ունեցող երկիր: Ընդհանուր առմամբ փորձագետները 2011-2015թթ. 182 քաղաքացիություն են ուսումնասիրել տարբեր ցուցանիշներով: Վարկանիշում քաղաքացիության սանդղակը հաշվարկված է 0-100%-ի սահմանում:
Ընկերությունը վարկանիշը կազմել է պրոֆեսոր Դմիտրի Կոչենովի հետ համաձայն, վերջինս գլխավորում է Ներդրումային միգրացիայի խորհուրդը:
Վարկանիշի առաջին տեղում Գերմանիան է 83,1%-ով: Նրան հաջորդում է Դանիան, հետո` Ֆինլանդիան: Մի քանի բացառությամբ, աղյուսակի վերին հորիզոնականները զբաղեցնում են ԵՄ պետությունները:
ԱՄՆ-ն վարկանիշի 28-րդ տեղում է: Ռուսաստանը կիսում է 0-60-րդ տեղը Չինաստանի և Քաթարի հետ: Վատագույն ցուցանիշներն ունեն Աֆղանստանը` 160 հորիզոնական (14,4%) և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը` 161 հորիզոնական (14,3%):
Quality of Nationality Index-ն առաջին վարկանիշն է, որը հաշվի է առնում ինչպես ներքին գործոնները (էկոնոմիկայի ծավալները, մարդկային ներուժի զարգացումը, հասարակական կարգն ու կայունությունը), այնպես էլ արտաքին (առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, արտերկրում առանց վիզայի ապրելու և աշխատելու հնարավորություն), որոնք ազդում են այս կամ այն քաղաքացիության որակական ցուցանիշների վրա: