7 հունիսի 2016 - 12:43 AMT
Ալիևի ընտանիքին կասկածում են մանաթի արժեզրկումից շահույթ ստանալու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա մերձավոր գործարարները 2015-ին խոշոր գումարներ են վաստակել ազգային արժույթի արժեզրկման ժամանակ: Այդպիսի եզրակացության է եկել Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP):

Գործարքներն իրականացվել են 3 բանկի` Caspian Development Bank, AtaBank և Pasha Bank-ի միջոցով, որոնց սեփականատերերն են Ալիևի ընտանիքին մոտ գործարար Աշրաֆ Կամիլովը կամ հենց Ադրբեջանի նախագահի ընտանիքը, հայտնում է Meduza-ն:

Ինչպես պարզել է OCCRP-ը, 2015-ի ավարտին Caspian Development Bank-ը 52 մլն դոլար վարկ է տրամադրել Ադրբեջանի Պետական նավթային ընկերությանը: Վարկը տրամադրվել է բանկային օրենսդրության խախտումներով և շուկայականից մեծ տոկոսադրույքով: Երբ Ադրբեջանի ԿԲ-ն 2015-ի փետրվարին իջեցրեց մանաթի փոխարժեքը ԱՄՆ դոլարի հանդեպ, այդ գործարքը տատանման հաշվին բանկին 13 մլն մանաթ բերեց` $12.5 դոլար: Եվս 39,2 մլն մանաթ կամ $25.4 մլն բանկն աշխատեց, երբ 2015-ի դեկտեմբերին Ադրբեջանի ԿԲ-ն ազգային արժույթի լողացող կուրս սահմանեց:

Կասկածելի տրանզակցիաներ են գրանցվել մանաթի արժեզրկման շեմին նաև Ալիևի ընտանիքի հետ կապված 2 այլ ` AtaBank և Pasha Bank բանկերում: AtaBank-ը վաստակել է մոտ 61 մլն մանաթ, իսկ Pasha Bank-ը` 35.9 մլն մանաթ, պնդում է OCCRP-ը:

Ինչպես հայտնի է, մանաթի արժեզրկումից հետո Ադրբեջանում կտրուկ գնաճ է արձանագրվել ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ներմուծվող ապրանքների համար: Տարադրամի փոխանակում փոխանակման կետերում չի իրականացվում, բոլոր կետերը փակվել են, շուրջ 6 հազար մարդ զրկվել է աշխատանքից: Ալիևը հանձնարարել է սեփականաշնորհման մեծ ծրագիր սկսել:

Ադրբեջանի տնտեսության մեջ ոչ նավթային հատվածն ընդամենը 2,3% է կազմում: Դա նշանակում է, որ մանաթի սրընթաց արժեզրկումից հետո տարիներ կպահանջվեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա համաշխարհային շուկա արտահանել ոչ նավթային սեկտորի ապրանքներ: Ուստի երկրում մեծ է լինելու ներմուծվող ապրանքների պահանջարկը, իսկ դա գործունեության լայն դաշտ է ստեղծում մաքսանենգների և ընդհատակյա առևտրի համար, գրում է պարբերականը:

Մինչդեռ հայտնի է դարձել, որ 2015-ի տվյալներով Ադրբեջանի կառավարությունը 350 մլն մանաթով կրճատել է սոցիալական նախագծերի ֆինանսավորումը:

Ընթերցեք նաև. Left Foot Forward. Լոնդոնի 8 միջոցը՝ օգնելու Ադրբեջանի ավազակապետությանը