8 հունիսի 2016 - 09:54 AMT
Փայլանը՝ Նամիբիայի ցեղասպանության ճանաչման առաջարկի մասին. Ուշացած է, բայց կողմ կքվեարկենք

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Կարո Փայլանը թուրքական հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդման եթերում անդրադարձել է իշխանական կուսակցության պատգամավորի այն առաջարկին, թե Թուրքիան պետք է ճանաչի Գերմանիայի կողմից իրականացված Նամիբիական ցեղասպանությունը, գրում է Ermenihaber.am-ը:

Օրեր առաջ թուրքական խորհրդարանի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Մեթին Քյուլյունքը հայտարարել էր, որ պատրաստվում է խորհրդարան ներկայացրել օրինագիծ՝ 1904-1907 թվականների Նամիբիայի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Պատգամավորն այդ քայլն անում է ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի կողմից 1915-ին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության ճանաչման:

Փայլանը նշել է, որ չնայած պատգամավորի նախաձեռնությունն ուշացած է, քանի որ Գերմանիան արդեն ճանաչել է Նամիբիայի ցեղասպանությունը և ներողություն խնդրել դրա համար, այնուամենայնիվ, վերոնշյալ օրինագծի՝ խորհրդարան բերվելուց անմիջապես հետո ինքը անձամբ և ամբողջ ԺԴԿ-ն պատրաստ են դրան կողմ քվեարկել:

Գերմանիան 2004-ին՝ Նամիբիայում Հերրերո ցեղախմբի դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին, ընդունել էր «պատմական և բարոյական պատասխանատվությունը և մեղքը, որ տվյալ ժամանակաշրջանում իրականացրել էին գերմանացիները»: