8 հունիսի 2016 - 11:35 AMT
Էրդողանը ստորագրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրենքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն ընձեռող օրենքը: Այս օրենքը թույլ կտա մի շարք ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ իրավական գործընթացներ սկսել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը Reuters-ի վրա հղումով:

138 պատգամավորների նկատմամբ արդեն կան հարուցված քրեական գործեր, սակայն անձեռնմխելիության պատճառով հնարավոր չէր նրանց դեմ դատական գործընթաց սկսել: Այդ 138 պատգամավորից 101-ը Թուրքիայի երկու ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունների անդամներ են, հայտնել է BBC-ն:

Նախագիծը մշակել է Արդարության և զարգացման կուսակցությունը: Պատրվակը «ահաբեկչության դեմ պայքարն է»: Օրենքն այն պատգամավորների դեմ է, որոնք «սատարում են ահաբեկչական կամզակերպություններին», ինչը Թուրքիայում համարվում է քրեական հանցագործություն: Օրենքը կտարածվի քրդամետ «Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ), որը դեմ է հանդես գալիս բռնության աճին կառավարության և ՔԱԿ միջև, և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ պատգամավորների վրա:

Մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության և քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև: Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա, որին օգնության են հասել այլ պատգամավորներ: