18 տարեկանից զորակոչի ենթակա տղամարդկանց՝ անկախ ԲՈՒՀ ուսանող լինելու հանգամանքից զորակոչելու օրինագիծն Ազգային ժողովում շրջանառության մեջ կդրվի մի քանի օրվա ընթացքում:
Այդ մասին է հայտարարել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Ինչպես հայտնում է Panorama.am-ը, պատասխանելով պատգամավորի հարցին, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ գերատեսչությունները դիտողություններ են արել, և այժմ այն կրթության և գիտության նախարարությունում է՝ լրամշակվում է:
Ապրիլի 27-ին զորակոչի կարգի փոփոխության քննարկման ընթացքում Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ որոշ մասնագիտությունների տեր ուսանողների համար բացառություններ լինելու են: «Կան որոշակի մասնագիտություններ, հատկապես՝ բնագիտական մասնագիտությունները, որոնց պոտենցիալն ուղղվում է ռազմարդյունաբերությանը՝ բացառությամբ որոշակի դեպքերի։ Մենք այդ լուծումը տալու ենք»,-ասել էր նա:
Գործող կարգի համաձայն, համալսարաններում պետպատվերով սովորող ուսանողները ստանում են զինծառայությունից տարկետում: Նույնը վերաբերվում է նաև ասպիրանտներին, իսկ գիտական թեզ պաշտպանողներն ազատվում են պարտադիր ծառայությունից: