10 հունիսի 2016 - 10:22 AMT
Ղազախական Ակտոբեում հատուկ գործողության արդյունքում 5 ահաբեկիչ է ոչնչացվել

Ղազախական Ակտոբեում հատուկ գործողության արդյունքում 5 ահաբեկիչ է ոչնչացվել: Ուժայինները հատուկ գործողությունը սկսել էին հունիսի 10-ի վաղ առավոտյան` հունիսի 5-ին քաղաքում հարձակումներ գործած ծայրահեղականների դեմ: Այդ մասին ասվում է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի կայքում:

Գրոհայինները թաքնվել էին բնակելի տներից մեկում: Հանձնվելու առաջարկությանն ի պատասխան ահաբեկիչները կրակ են բացել: Պատասխան կրակով նրանք ոչնչացվել են: Վիրավորվել է ոստիկանության 2 աշխատակից:

Ավելի վաղ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարգադրել էր ուժայիններին ոչնչացնել ահաբեկիչներին դիմադրության դեպքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հայտնի է, Ակտոբեում ահաբեկչություն կազմակերպած ծայրահեղականներից 13-ը սպանվել է: Եվս 4-ը վիրավորվել է, իսկ 7-ը` հետախուզման մեջ էր: Ահաբեկչություններին մեղսակցության կասկածանքով ձերբակալվել է 8 մարդ:

Հունիսի 5-ին Ակտոբեն մի խումբ գրոհայինների կողմից ենթարկվել է հարձակման. նրանք սպանել են զենքի խանութներից մեկի վաճառողին ու անվտանգության աշխատողին, ինչպես նաև վիրավորել են 3 ոստիկանի: Մյուս խանութի վրա հարձակման ժամանակ սպանվել է մի հաճախորդ, ևս մեկը վնասվածք է ստացել: Հայտնի է, որ ոստիկանության հետ կրակահերթի արդյունքում գրոհայիններից 3-ը սպանվել են, իսկ մեկը` ձերբակալվել: Բացի այդ, գրոհայինները հարձակվել են երթուղային ավտոբուսի ու զորամասի վրա: Կրակահերթի հետևանքով սպանվել է 3 զինվորական, ևս 3-ը վնասվածքներ են ստացել: Այնուհանդերձ` զինծառայողներին հաջողվել է հետ շպրտել գրոհայիններին` սպանելով նրանցից մեկին:

Ընդհանուր առմամբ, Ակտոբեում գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել: