10 հունիսի 2016 - 15:35 AMT
ԱՄՆ-ում հայկական եկեղեցու տեղում կարող են պիցերիա կառուցել

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սբ Գրիգոր Լուսավորիչ պատմական հայկական եկեղեցու տեղում կարող են առևտրի կենտրոն և Domino's միջազգային ցանցի պիցերիա կառուցել, հայտնում է Eagle-Tribune-ը:

Քաղաքի տնտեսական զարգացման տնօրեն Ուիլյամ Փիլսբերին հայտարարել է, որ բիզնես նախագծի սեփականատերն արդեն ներկայացրել է ապագա պիցերիայի և ոչ մեծ առևտրի կենտրոնի գծագրերը: Սակայն նա հավելել է, որ ամբողջական հայտը դեռևս ներկայացված չէ քաղաքապետարանին:

Նա ասել է, որ քաղաքի պատմաբանների հանձնաժողովը կուսումնասիրի նախագիծը`որոշելու համար, արդյոք դա թույլատրելի է, քանի որ եկեղեցին գտնվում է Main Street պատմական թաղամասում և ընդգրկված է քաղաքի պատմական վայրերի ազգային ռեգիստրում: Միայն ուսումնասիրությունից հետո կանցկացվի հանրային լսում, ասել է Փիլսբերին:

Հայ առաքելական եկեղեցու Hye Pointe-ի ներկայացուցիչները, որին պատկանում է Սբ Գրիգոր Լուսավորչի նախկին եկեղեցին, ասել են, որ ցանկանում են վաճառել շենքը` աջակցելու համար նոր եկեղեցու կառուցմանը Բրադֆորդում:

Hye Pointe-ի եկեղեցին կառուցվել է 2002 թ., երբ Սբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին ու առաքելական Սբ Խաչ եկեղեցին Լոուրենսում միավորվեցին: Պատմական հանձնաժողովի ժամանակավոր նախագահ Ֆիլիպ Բրաունը հայտարարել է, որ հանձնաժողովը հանդես է գալիս որպես խորհրդատու և մտահոգված է 1848թ. կառուցված եկեղեցին առևտրի կենտրոնով և պիցերիայով փոխարինելու մտադրությամբ: