Կրեմլում չեն բացառում Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը, աշխատանքն այդ ուղղությամբ տարվում: Այդ մասին հայտարարել է լրագրողներին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Աշխատանքն այդ ուղղությամբ տարվում է: Մեն չենք բացառում, որ այդպիսի հանդիպումներ տեղի կունենան: Եթե դա վերջնականապես հաստատվի, մենք տեղեկատվություն կտրամադրենք»,-ասել է Պեսկովը` պատասխանելով Սանկտ Պետերբուրգում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման հավանականության մասին հարցին:
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր հերթին հաստատել է, որ հունիսի վերջում ղարաբաղյան կարգավորման գծով հանդիպում է նախատեսվում: «Թեև մենք հանդիպման մանրամասներին այս պահի դրությամբ չենք տիրապետում, սակայն, կարող ենք հաստատել, որ հանդիպումը տեղի կունենա հունիսի վերջում»,-ասել է ամերիկացի համանախագահը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
Նա հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն մայիսին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումը:
Հունիսի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպմանը քննարկվել են զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասները:
Կարևորվել է մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:
Ընթերցեք նաև. Ուորլիքը հաստատել է. Հունիսի վերջում ղարաբաղյան կարգավորման գծով հանդիպում է նախատեսվում