11 հունիսի 2016 - 13:34 AMT
Թուրք իրավապաշտպանները շնորհակալ են Բունդեսթագին Ցեղասպանության ճանաչման համար

Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի Ստամբուլի բաժանմունքի ռասիզմի և խտրականության դեմ պայքարի կոմիտեն նամակ է հղել Ստամբուլում ԳԴՀ հյուպատոսին` շնորհակալություն հայտնելով Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման համար, հայտնում է Armenian Weekly-ն:

Նամակում իրավապաշտպանները նաև դժգոհություն են հայտնել թուրք պաշտոնյաների, ԶԼՄ-ների և հասարակության անդամների ռասիստական արտահայտությունների վերաբերյալ:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։

Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Բանաձևի ընդունումից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա: էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների «արյունը, քանի որ նրանց ծագումը կասկածելի է»:

«Բունդեսթագի բանաձևն այն մոտեցման դրսևորումն է, որն ամբողջ աշխարհը պետք է ցուցաբերի մարդկության դեմ կատարված ոճրագործությունների հարցում: Իր բանաձևով Գերմանիան ոչ միայն հարգեց հայերի և մյուս քրիստոնյա ժողովրդների ցեղասպանության զոհերի հիշատակը, այլ նաև հստակ հայտարարեց, որ ևս պատասխանատու է այդ հանցագործությունների համար»,-ասվում է նամակում:

«Թուրքիայի վերաբերմունքն այդ հարցին հակադիր է Գերմանիայի օրինակելի դիրքորոշմանը: Այդպիսի գործողություններով Թուրքիան խախտում է միջազգային իրավունքի նորմերը»,-ասվում է նամակում: