Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հերթական անգամ անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը:
Նա հայտարարել է, որ Թուրքիայի պատմության մեջ չկա մի դեպք, որից իրենք ամաչեն, և նման բանաձև ընդունող երկրներին խորհուրդ է տվել սեփական պատմությանը և իրականացրած կոտորածներին նայել։
Վարչապետը Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն անուղղակիորեն կապել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության գործունեության հետ, Haberyanki-ին հղումով գրում է Yerkir.am-ը։
«Ինչպիսի զուգադիպություն՝ երբ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում է օտարերկրյա դեսպանների հետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ազատվելու համար, Թուրքիայի հիմնական դաշնակից Գերմանիայում խորհրդարանն ընդունում է հայկական ազգայնամոլական լոբբիի բանաձևը»,- ասել է Յիլդիրիմը:
Նրա խոսքով՝ «ընդունված որոշումը սխալ է, թուրք ժողովրդի անցյալը հայտնի է՝ իրենց ամաչեցնող ոչ մի դեպք չի եղել»։
Յիլըդիրիմը հայտարարել է նաև, որ Թուրքիան երբեք չի ընդունի Հայոց ցեղասպանությունը, որի շուրջ անգամ պատմաբանները չեն կարողանում համաձայնության գալ։
Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։
Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:
Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Բանաձևի ընդունումից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա: էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների «արյունը, քանի որ նրանց ծագումը կասկածելի է»:
Կարդացեք նաև՝ Թուրք իրավապաշտպանները շնորհակալ են Բունդեսթագին Ցեղասպանության ճանաչման համար