Ղրիմում կայացած «Ոսկե դյուցազն» («Золотой Витязь») միջազգային 25-րդ կինոֆորումում «Խաղարկային ֆիլմ» անվանակարգում ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմն արժանացել է «Ոսկե դյուցազն» մրցանակին:
Կինոֆորումի տաս օրվա ընթացքում հանդիսատեսը դիտել է 190 մրցույթային ֆիլմ աշխարհի 20 երկրից վեց անվանակարգում՝ խաղարկային, մանկական, վավերագրական լիամետրաժ, վավերագրական կարճամետրաժ, անիմացիոն, ուսանողական և դեբյուտային, «Ոսկե դյուցազն» սլավոնական արվեստի ֆորումին հղումով գրում է Panorama.am-ը:
Ամեն անվանակարգում ժյուրին հանձնել է գլխավոր մրցանակ՝ ոսկե, արծաթե և բրոնզե «Ոսկե դյուցազն»-եր, դիպլոմներ:
2015-ի օգօոստոսին Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Սախալինի 5-րդ միջազգային փառատոնում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում արժանացել է Գրան պրիի:
«Մոսկվիչ, իմ սեր»-ը հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմ է փոքր մարդու մեծ ողբերգության մասին, նկարահանված 2012-ին: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, հիմնականում՝ Վարդենիսում: Կինոժապավենը պատմում է ծերունի Համոյի մասին, ով ապաստան է գտնում Հայաստանի լեռներում կորած մի գյուղում իր կնոջ հետ: Նա երազանք ունի՝ ձեռք բերել «Մոսկվիչ» սովետական մեքենան և այդ երազանքը իր հետ բերել է մեր օրեր՝ Mercedes-ների, BMW-ների դարաշրջան: