Վաշինգտոնի հայ համայնքը Սբ Մարիամ հայկական եկեղեցում բարեգործական երեկո էր կազմակերպել, որից ստացված ամբողջ հասույթը Դամասկոսում Սբ Սարգիս հայկական եկեղեցու միջոցով փոխանցվելու է տեղի հայ համայնքին:
Երեկոյի կազմակերպիչներից մեկի՝ Սիրիայում ծնված և ԱՄՆ-ում բնակվող Շողիկ Սահակյանի խոսքով, Սիրիայի տարածքում նոսրացող հայ համայնքը զգալի օգնության կարիք ունի:
Երեկոյի ընթացքում ԱՄՆ-ի մայրաքաղաքի հայ համայնքը կազմակերպել էր նաև բարեգործական խաղարկություն և համերգ, որի ընթացքում ներկաների առջև երգի կատարումներով հանդես եկավ Թուրքիայից մի քանի օրով Վաշինգտոն ժամանած երգիչ Բարտեր Գարյանը:
«Մենք օգնության համար է, որ աշխարհում ապրում ենք, և եթե ձեռք ձեռքի չբռնվենք, ոչ մի բան արժեք չունի», - ասել է Գարյանը, հաղորդում է Ամերիկայի Ձայնը:
Գարյանը տարիներ շարունակ տարածել է հայկական երգն ու երաժշտությունը Թուրքիայում, նրա խոսքով, Թուրքիայի հայ համայնքը դժվարությամբ, բայց շարունակում է պահպանել իր մշակութային ինքնությունը.
Շողիկ Սահակյանը, ով ծնունդով սիրիահայ է և ում բարեկամները մինչ օրս Դամասկոսում են բնակվում, պատմում է, որ չնայած դժվարություններին, Սիրիայի հայերից շատերը մինչև վերջին պահը չեն ցանկանում հեռանալ երկրից:
Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։
2015-ի նոյեմբերին ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարեց, որ հոկտեմբերի սկզբից առնվազն 120.000 մարդ է լքել տները Հալեպում, Համայում և Իդլիբում մարտական գործողությունների պատճառով: