15 հունիսի 2016 - 17:02 AMT
Լավրով. ԱՊՀ հակամարտությունները կարող են միայն խաղաղ լուծվել

ԱՊՀ տարածքի հակամարտությունները, ինչպես ցանկացած այլ տարածաշրջանում, այստեղ ևս կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական և դիվանագիտական, ինչպես նաև այլ ոչ ռազմական միջոցներով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պետդումայում:

«Դա վերաբերում է և ներուկրաինական ճգնաժամին, և Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի խնդիրներին: Գլխավորը կողմերի պայմանավորվածությունները հարգելն է`թույլ չտալով, որ դրանք վերանայվեն»,-ասել է Լավրովը:

Նա նաև նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը, անկախ բարդություններից, կայացել է որպես արդիական միջազգային կազմակերպություն: «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի Աստանայում կայացած նիստում ընդունված որոշումները կոնկրետ թիրախներ են նախանշում անդամ երկրների համար, միտված են նրանց մրցունակության բարձրացմանը»,-ասել է Լավրովը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման թեման է լինելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Այդ մասին է հայտնել Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ է ունենալու Սարգսյանի և Ալիևի հետ: