15 հունիսի 2016 - 16:47 AMT
Վազորդ Լիլիթ Հարությունյանը կմասնակցի Օլիմպիադային. Ուղեգրերի թիվը հասել է 28-ի

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ օլիմպիական ուղեգիր է նվաճել: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է վազորդ Լիլիթ Հարությունյանի ուղեգիրը:

Հարությունյանը նորմատիվը կատարել է Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ժամանակ: Միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հարցերով հանձնախումբը Հարությունյանի՝ 400 մետր արգելավազքում գրանցած արդյունքով է թույլատրել նրան մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Մինչ այս, Հայաստանն աթլետիկայից ուներ 4 ուղեգիր, որոնք նվաճել էին վազորդներ Դիանա Խուբեսերյանը, Գայանե Չիլոյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը և հեռացատկորդ Ամալիա Շարոյանը:

Այս պահի դրությամբ Հայաստանն ունի Օլիմպիական խաղերի 28 ուղեգիր: