17 հունիսի 2016 - 13:45 AMT
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կմասնակցի ԼՂ գծով Պետերբուրգի հանդիպմանը

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմասնակցի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը:

«Ես ներկա կլինեմ այդ հանդիպմանը և անհամբեր սպասում եմ դրան: Հուսով ենք, որ կողմերը կամփոփեն միջադեպերի հետաքննության ԵԱՀԿ մեխանիզմների մասին պայմանավորվածությունները և կվերսկսեն համապարփակ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները»,-ասել է Ուորլիքը, հայտնում է ԱՊԱ-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման թեման է լինելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:

Իսկ ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման գծով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստմանը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև.Էվանս. ԼՂ հարցով բանակցությունները պետք է կենտրոնացնել մարդկանց անվտանգության ապահովման վրա