24 մարտի 2007 - 14:14 AMT
Ղարաբաղի հարցը հնարավոր է լուծել միայն փոխադարձ վստահության մթնոլորտում
Առաջիկա ամիսների ընթացքում չի հաջողվի մթնոլորտ ստեղծել, որը կաջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Երեւանում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպումից հետո: ԼՂՀ նախագահի խոսքերով, Ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի տեղաշարժեր կան, որոնք չի կարելի ԼՂՀ-ի համար կատարյալ տարբերակ համարել, «չնայած որոշակի առաջընթաց եւ նշմարվում է»:
«Ղարաբաղի հարցը հնարավոր է լուծել միայն փոխադարձ վստահության մթնոլորտում, որն այսօր բացակայում է կողմերի միջեւ, առավել եւս, երբ թշնամական պրոպագանդան, առաջին հերթին, Ադրբեջանի կողմից, շարունակվում է: Ադրբեջանական իշխանությունների նման մոտեցումը դժվար է կառուցողական անվանել: Եթե մենք չափազանց կառուցողական լինենք, իսկ Ադրբեջանը` ոչ, ապա, բնականաբար, հարցը չի կարգավորվի»,- ընդգծել է Ղուկասյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: