20 հունիսի 2016 - 17:04 AMT
Պուտին. ՌԴ և ՀՀ հարաբերություններն առավել ինտենսիվ են զարգանում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ինտենսիվ են զարգանում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

«Կարելի է նշել, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում մեր հարաբերություններն առավել ինտենսիվ են զարգանում, ինչը շատ է ուրախացնում: Կա հնարավորություն և անհրաժեշտություն քննարկելու, թե ինչպես ենք գործելու հետագայում: Հիմա Հայաստանը գլխավորում է ՀԱՊԿ-ը և աշնանը կայանալու է բարձր մակարդակի հանդիպում»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սարգսյանն իր հերթին հաստատել է, որ այդպիսի հանդիպում կարող է տեղի ունենալ հոկտեմբերին: «Այնպես որ այդ մասին էլ կխոսեքն»,-ասել է Պուտինը` շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին ՌԴ այցելության համար: Պուտինը նշել է աճող ապրանքաշրջանառությունը երկրների միջև: Ըստ նրա, լավ ցուցանիշներ են գրանցվում գյուղմթերքի առաքումների մասով:

«Մենք արձանագրում ենք, որ չնայած բարդություններին համաշխարհային և ՌԴ տնտեսության մեջ, ապրանքաշրջանառությունն աճում է: Աճում է զգալիորեն, մի քանի անգամ աճել են գյուղմթերքի առաքումները Հայաստանից: Ինչը մեզ շատ է ուրախացնում: Հուսով եմ, որ այդ միտումը զարգացում կստանա ապրանքաշրջանառության ամբողջ շուկայի համար և մեզ համար զգայուն ապրանքային խմբերի մասով»,-ասել է Պուտինը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ նախագահի առանձնազրույցը, նախատեսված է նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:

Մայիսի 16-ին Վիեննայի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: