22 հունիսի 2016 - 11:15 AMT
Սատանովսկին հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»

Հայտնի ռուսաստանցի արևելագետ, ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկու անունը կընդգրկվի Ադրբեջանի ԱԳՆ «անցանկալի անձանց ցուցակում»: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը, հայտնում է Haqqin.az-ը:

Ըստ նրա, Սատանովսկին «ապօրինաբար է այցելել Լեռնային Ղարաբաղ` խախտելով Ադրբեջանի օրենքը»:

Եվգենի Սատանովսկին այցելել է ԼՂՀ, մի շարք հանդիպումներ է ունեցել Արցախի ղեկավար մարմինների ներկայացուցիչների, խորհրդարանականների հետ: Ավելի ուշ Haqqin.az-ին տված հարցազրույցում Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հայտնի մասնագետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն անջատվել է Ադրբեջանից և այլևս երբեք նրա կազմում չի լինի:

«Այսօր այդ տարածքն անջատվել է Ադրբեջանից և նրա կազմի մեջ այլևս երբեք չի լինի: Ղարաբաղը վերադարձնելու համար Ադրբեջանը պետք է ֆիզիկապես ոչնչացնի այդ տարածքի ամբողջ բնակչությանը: Եթե Ադրբեջանը կարող է դա անել, ուրեմն Ղարաբաղը կարող է վերադառնալ նրա կազմի մեջ: Ուղղակի պետք է հարց տալ. ինչպիսի՞ն կլինեն հետևանքները և կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը դա անել: Կան բաներ, որոնք անլուծելի են: Եվ Ղարաբաղի հարցը հենց դրանցից է: Միակ բանը, որը կարելի է անել` դադարեցնել հակամարտությունը»,-ասել է Սատանովսկին:

Սատանովսկին մատնանշել է, որ հետագայում անջատողականության խնդիրը շատ ավելի սուր կարող է լինել Ադրբեջանում, քան այսօր թվում է ադրբեջանցիներին: «Եթե իրավիճակը Ղարաբաղի շուրջ շարունակի զարգանալ այնպես, ինչպես ապրիլին, ես 100 տոկոսով վստահ եմ, որ խնդիրներ կառաջանան կապված թալիշների և լեզգիների հետ: …Պատերազմը շատ կթուլացնի Ադրբեջանին, իսկ հաշվի առնելով, որ երկիրը համեղ պատառ է նրանց համար, ում նավթ ու գազ է հարկավոր, շատ տխուր իրավիճակ կարող է ստեղծվել»,-ասել է քաղաքագետը:

Ընթերցեք նաև. Սատանովսկին ադրբեջանական ԶԼՄ-ին. Լեռնային Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի մաս չի լինի