23 հունիսի 2016 - 16:24 AMT
Սյունիքում հիդրոէներգոկասկադ կկառուցվի. Կառավարությունն արտոնություն է տվել

Գործադիրի որոշմամբ «Խաչատրյան եղբայրներ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2016-ի մայիսի 12-ից մինչև 2016-ի օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կհետաձգվի ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարով:

Ներդրումային ծրագրի շրջանակում «Խաչատրյան եղբայրներ» ընկերության նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում կառուցել 4 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրաէներգիա:

Ընկերությունը նախատեսում է իրականացնել մոտ 1.9 մլրդ դրամի ներդրումներ, որից մոտ 489 մլն-ը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 14 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016-ին՝ 120, 2017-ին՝ 130 և 2018-ին՝ 140 հազար դրամ:

Կառավարութունը մեկ այլ որոշմամբ թույլատրել է «Խաչատրյան եղբայրներ» ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: