Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հունիսի 23-ին ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը, պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ, որոնցով «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
Առաջին բեռնափոխադրումը կիրականացվի հունիսի 25-ին երկու ուղղություններով:
Արտահանողներին առաջարկվում է օգտվել վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը: Լրացուցիչ հարցերի դեպքում կարելի է զանգահարել «Սպայկա» ընկերություն` 010 444470, 060 704444 կամ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` 055 541 968 հեռախոսահամարներով:
Հանրապետությունում սպասվում է պտղի բարձր բերք: Օրական հանրապետությունից արտահանվում է շուրջ 80-100 տոննա կեռաս, արդեն արտահանվել է 2010 տոննա` նախորդ ամբողջ տարվա 2000 տոննայի դիմաց, իսկ ծիրանի արտահանման օրական միջին ծավալը կազմում է մոտ 600-800 տոննա:
Մինչ օրս ընդհանուր առմամբ արտահանվել է 63700 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ ամբողջ տարվա 76 700 տոննայի դիմաց: Նախատեսվում է նաև կրկնապատկել ծիրանի արտահանման ծավալները` 5000 տոննա նախորդ տարվա 2500 տոննայի դիմաց: Ինչպես նախորդ տարիներին, հետագայում կազմակերպվելու են նաև դեղձի, սալորի, խաղողի և այլ մրգերի մթերումներ::