2015-ի համեմատ Հայաստանում թմրամիջոց օգտագործողների թիվն ավելացել է։ Եթե 2015-ին ունեինք 5.357 թմրամիջոց օգտագործող, 2016-ին նրանց թիվը 5.828 է։ Սակայն սա միայն հաշվառված թմրամիջոց օգտագործողների թիվն է։
«Օգտագործողների մեջ ունենք 11 անչափահաս։ Թմրամիջոց օգտագործող կանանց թիվն էլ ավելացել է, և ասեմ, որ ամեն տարի էլ նրանց թիվն ավելանում է։ Կանայք չեն զիջում այդ առումով տղամարդկանց, ուղղակի ավելի դանդաղ տեմպերով է այդ աճը նրանց դեպքում»,- հայտնել է ՀՀ գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերջյանը, գրում է Ա1+-ը։
Ըստ նրա՝ կա թմրամիջոց օգտագործողների մի մեծ հատված, որոնք ԱՆ տեսադաշտում չեն։ Սեմերջյանը շեշտել է, որ շատ դեպքերում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն է բերում թմրամոլության։
«Բուժումից հետո մարդկանց 80 տոկոսը կրկին սկսում է թմրամիջոց օգտագործել»,- նաև հայտնել է ՀՀ գլխավոր թմրաբանը։
Հունիսի 26-ը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։