ԼՂ խնդիրը կարող է հետևանքներ ունենալ անգամ Եվրոպայում և Եվրասիայում: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նախագահ Պյոտր Սվիտալսկին Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկած երիտասարդ գիտնականների միջազգային երկօրյա գիտաժողովի ժամանակ` անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին, հայտնում է Tert.am-ը:
«Հուսով ենք, որ մենք հակամարտության խաղաղ կարգավորման ականատեսներն ենք դառնում, գործընթաց, որը մեկնարկել էր Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում: Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կարող է հետևանքներ ունենալ անվտանգության լայն շրջանակների համար՝ անգամ Եվրոպայում և Եվրասիայում»,-ասել է նա և նշել, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հակամարտություններն անվտանգության իրական սպառնալիք են, և իրադրությունը շատ խոցելի է:
Պյոտր Սվիտալսկին հույս ունի նաև, որ զգալի արդյունքներ կգրանցվեն վստահության ձևավորման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ և նաև տեսանելի առաջընթաց կգրանցվի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Մայիսի 16-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով քննարկում էր տեղի ունեցել, որին մասնակցել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար Արլեմ Դեզիրը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ:
Գիտաժողովին մասնակցության հայտեր են ներկայացրել Շվեդիայի, Սերբիայի, Լեհաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ղրղզստանի, Թուրքիայի և ԱՄՆ ներկայացուցիչներ: