1 նոյեմբերի 2002 - 22:37 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Նոյեմբերի 8-9-ը տեղի կունենա Հայաստանի պաշտոնական պատվիրակության այցը Թբիլիսի: Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են Հայաստանի գործադիր իշխանության, հասարակայնության ներկայացուցիչներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, պատվիրակությունը կմասնակցի վերակառուցումից հետո հայ գրողների եւ հասարակական գործիչների Պանթեոնի բացման հանդիսավոր արարողությանը: Անցյալ դարի 30-ական թվականներին բացված Պանթեոնում թաղված են հայտնի հայ գրողներ Րաֆֆին, Սունդուկյանը, Թումանյանը, Մուրացանը, Նար-Դոսը: Վերակառուցողական աշխատանքներն իրականացվել են Թբիլիսիի եւ Երեւանի քաղաքապետարանների համատեղ ջանքերով` երկու երկրների նախագահների անձնական հովանավորության ներքո: