28 մարտի 2007 - 17:40 AMT
ԵՄ-ն պատրաստ է վերսկսել Թուրքիայի հետ մասնակիորեն ընդհատված բանակցությունները
Եվրամիությունը պատրաստ է վերսկսել Թուրքիայի հետ մասնակիորեն ընդհատված բանակցությունները որպես լիիրավ անդամ ԵՄ-ին անդամակցելու շուրջ: Բանակցություններն, ինչպես ակնկալվում էր, կվերսկսվեն հինգշաբթի եւ կվերաբերեն գործարարության եւ արդյունաբերության հարցերին: Բանակցությունների վերսկսման հնարավորությունը հաստատեց նաեւ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեվենթ Բիլմանը: Նա չի բացառել, որ բանակցություններին կմասնակցի Եվրամիության հետ Անկարայի գլխավոր բանակցող պետնախարար Ալի Բաբաջանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

Բանակցություններն Անկարայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ, որոնք ընթանում են 2006 թվականի հոկտեմբերից, մասնակիորեն սառեցվել էին անցյալ տարվա դեկտեմբերին Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ: Նման որոշում էր կայացվել, քանի որ Թուրքիան հրաժարվում էր բացել իր ծովային եւ օդային նավահանգիստները Կիպրոսի Հանրապետության համար, որը ԵՄ անդամ է: