Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հունիսի 29-ին կայցելի տարածաշրջան՝ ժամանելով Հայաստան: Ապա նա կայցելի Ադրբեջան և Վրաստան:
Այցը կկայանա ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանակում և նպատակ ունի նաև նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր մեջ էսկալացիայի պոտենցիալ է պարունակում: ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության տարում մենք պատասխանատվություն ենք կրում հնարավորինս մարել այդ վտանգը՝ հրադադարի, վստահության կառուցման քայլերի և բանակցությունների շուտափույթ մեկնարկի միջոցով»,- Բեռլինում լրագրողներին ասել է նախարարը, հայտնում է Tert.am-ը:
Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է Վրաստանում տարածքային հակամարտություններին:
Հունիսի 23-ին Բեռլինում Շտայնմայերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ԼՂ հարցով առաջիկայում տարածաշրջանային այց է կատարելու: «Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի կայունությունն ու վերադարձը քաղաքական բանակցություններին անփոխարինելի են: Քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերն, ինչպես նաև՝ Վալտեր Շտայնմայերի առաջիկա տարածաշրջանային այցի հետ կապված հարցեր»,- մասնավորապես ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ: