29 մարտի 2007 - 17:17 AMT
Անկարան կոչ է անում Երեւանին պատմաբանների հանձնաժողով ստեղծել երրորդ կողմի մասնակցությամբ
Թուրքիան Հայաստանին կոչ է անում 1915 թվականի իրադարձությունները հետազոտելու համար համատեղ հանձնաժողով ստեղծել` երրորդ կողմի մասնակցությամբ: «Ես շարունակում եմ կոչ անել համատեղ հանձնաժողով ստեղծել` երրորդ կողմի մասնակցությամբ, որպեսզի լուսաբանվի այդ ողբերգությունը եւ համատեղ աշխատանքի համար ուղիներ բացվեն»,- գրում է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը The Washington Times թերթում` «Հայկական ողբերգության քաղաքականացումը» հոդվածում: «Անցյալի քաղաքականացման եւ պատմության հարցում իրենց տեսանկյան պնդման համար» Հայկական լոբբիի դիրքորոշումը քննադատելով` Աբդուլահ Գյուլը նշել է, որ ցավալի է նույն շրջանում թուրքերի եւ մահմեդականների կորուստների մասին հիշատակումների բացակայությունը: «1915 թվականի իրադարձությունները ճշտելու միակ հնարավորությունը գիտնականներին հարցնելն է, ովքեր օբյեկտիվ կերպով կուսումնասիրեն այդ շրջանը` աշխատելով բոլոր սկզբնաղբյուրների հետ: Թուրքիան իր անցյալի հետ կապված խնդիրներ չունի: Մենք Հայաստանի կողմից դրական քայլի ենք սպասում, մասնավորապես համաձայնություն` հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ եւ դրա եզրակացություններն ընդունելու պատրաստակամություն»,- ասել է Գյուլը: Նա ընդգծել է, որ նման հանձնաժողովը կարող է բարելավել մթնոլորտը հայ-թուրքական հարաբերությունների համար: