Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից խոցված ռմբակոծիչի համար, առաջիկայում Մոսկվան միջոցներ կձեռնարկի վերականգնելու համար երկկողմ համագործակցությունը երկրների միջև: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչպես գիտեք, հեռախոսազրույց է կայացել Թուրքիայի նախագահի հետ: Հայտնի է, որ Անկարան ներողություն է խնդրել կործանված ռուսական ինքնաթիռի համար: Հաշվի առնելով դա` առաջիկայում միջոցներ կձեռնարկվեն երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ»,-ասել է Պուտինը ՌԴ դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Արդեն հայտնի է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն կհանդիպեն հուլիսի 1-ին Սոչիում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի հանդեպ սահմանափակումների համար անհրաժեշտ փաստաթղթերն արդեն պատրաստվում են ՌԴ կառավարությունում: «Պետք է համապատասխան ակտեր ընդունվեն, որոնցով կչեղարկվեն սահմանափակումների վերաբերյալ նախորդ ակտերը»,-հայտնել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորդորել է վերականգնել ռուս-թուրքական հարաբերությունները: Պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին` Զախարովան ասել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները «ոչ թե կարելի է, այլ պետք է վերականգնել»:
«Բոլորս լսեցինք, թե ինչ շեշտադրումներ արվեցին ՌԴ նախագահի կողմից այն քայլերի վերաբերյալ, որոնք ձեռնարկել է թուրքական կողմը մեր երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար: Ռուսական ինքնաիթիռի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Թուրքիան խոցեի այն ոչ մի հիմք չունենալով, մենք հրապարակեցինք մեր դիրքորոշումը. Հարաբերությունները պետք է զարգացնել, թուրք ժողովրդին մենք ընկալում ենք որպես բարեկամ ժողովուրդ»,-ասել է նա:
Զախարովան նաև նշել է, որ ռուսական կողմի համար սկզբունքային էր հասկացնելը, որ նման գործողություններն անընդունելի են:
Ավելի վաղ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ և պայմանավորվել են անձնական հանդիպման մասին:
Հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից 2015 թվականի նոյեմբերին ռուսական Սու-24 ռմբակոծիչը ոչնչացնելու համար: Կրեմլում Էրդողանի նամակը կարևոր քայլ են համարել երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: ՌԴ մամուլի քարտուղարը, սակայն, նշել է, որ խնդիրները չի հաջողվի լուծել մի քանի օրում:
ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։