2 հուլիսի 2016 - 10:29 AMT
Թուրքիայի դեմ պատժամիջոցների չեղարկումից 1 օր անց այն դարձել է ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունը

Հուլիսի 1-ին, դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղևորությունների վաճառքի արգելքը չեղարկելուց 24 ժամ անց այդ երկիրը դարձել է ամենանախընտրելին «Yandex. Ուղևորություններ» ծառայության օգտատերերի հարցումներում:

3 օրում`հունիսի 29-ից հուլիս 1-ն ընկած ժամանակահատվածում ռուսաստանցիների շրջանում դեպի Թուրքիա ուղևորությունների հարցումների քանակն ավելացել է 4 անգամ, հայտնում է ՌԲԿ-ն: Իսկ Ղրիմն ու Սոչին 3 անգամ ավելի քիչ են հետաքրքրում ռուսաստանցիներին:

Կես օրում Թուրքիայի գծով ՌԴ զբոսաշրջային օպերատորների առաջարկների քանակը 200-ից հասել է 500-ի: Մինչ արգելքի սահմանումն այդ թիվը մոտ էր 1000-ին:

Ռուսաստանից Թուրքիա չարթերային չվերթները կվերսկսվեն հուլիսի 7-ին, հայտնել է Թուրքիայի Քաղավիացիայի գլխավոր տնօրինությունը: «Վարչությունը հայտնում է, որ չարթերային չվերթները կվերսկսվեն հուլիսի 7-ին, կիրականացվի 17 չվերթ»,-գրել է տնօրինությունը Twitter-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք մշտական կապի մեջ ենք զբոսաշրջային օպերատորների հետ: Արդեն ասում են, որ հյուրանոցներն էլ կընդառաջեն»,-ասել է նա:

Tez Tour-ն արդեն հուլիսի 2-ին առաջին զբոսաշրջիկների կուղարկի Թուրքիա, բայց կանոնավոր չվերթով, հայտնել է ՌԴ Զբոսաշրջային ոլորտի միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան:

Հուլիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղևորությունների արգելքը հանելու վերաբերյալ: 2016-ի սկզբից Թուրքիա էր այցելել ընդամենը 138.000 ռուս զբոսաշրջիկ, ինչը մոտ 83%-ով պակաս է 2015-ի նույն ժամանակահատվածից: 2015-ին այդ թիվը հասնում էր 802.000-ի: