Լոնդոնի Christie's աճուրդում £15.000 ($21.510) գումարով ապրիլի 21-ին եզակի հայկական արծաթագործ և էմալապատ գավաթ է վաճառվել իր ափսեի հետ:
Գավաթը 18-րդ դարի երկրորդ կեսին պատրաստվել է հայ կաթողիկոս Ղուկաս Ա Կարնեցու համար`այն գնահատված էր £7.000 - £10.000 ($9.954 - $14.220):
Փոքր ոտնակով գավաթի բարձրությունը 5,8 սմ է, երկու կողքից բռնակներ են` առյուծների տեսքով: Գավաթը զարդարված է ռելիեֆային պատկերներով` զույգ հրեշտակները պահում են պսակը, որը պատված է երկնագույն, փիրուզագույն և կանաչ էմալով: Գավաթի վրա փորագրված են նաև կաթողիկոս Ղուկասի անվան գլխատառերը:
Կլոր ափսեի տրամաչափը 15 սմ է, այն զարդարված է ռելիեֆային նկարով, որտեղ պատկերված է խաչով առյուծը, արտաքին եզրով պատկերված է գունավոր էմալով պատված 4 սիրտ:
Ղուկաս Ա Կարնեցու կաթողիկոսական օծումը տեղի է ունեցել 1780-ին: 1786-ին նա Հովնաթան Հովնաթանյանին նկարազարդել է տվել Էջմիածնի Մայր տաճարը, նրա հորդորանքով է Հարություն Շմավոնյանը 1784-ին Մադրասում հրապարակել հայկական առաջին պարբերական «Ազդարարը»: Կաթողիկոսը մահացել է 1799, Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքում: