Հուլիսի 4-6-ը Ստորին Ավստրիայի կառավարության հովանու ներքո Ամշթետեն քաղաքում անցկացվեց «Անորոշ ուղիներ. փախուստ, վտարում և ցեղասպանություն Առաջին աշխարհամարտի օրերին» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել էր ավստրիական Գրաց քաղաքի՝ Պատերազմների հետևանքների վերացման Բոլցմանի ինստիտուտն ավստրիական Սենթ-Փոլթեն քաղաքի Միգրացիայի ուսումնասիրության կենտրոնի հետ համատեղ։
Միջոցառմանը մասնակցում էին Ստորին Ավստրիայի կառավարության ներկայացուցիչներ, դաշնային ու տեղական խորհրդարանների անդամներ, Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների, ավստրիական քաղաքական, գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ։
Գիտաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը անդրադարձել է 20-րդ դարում իրականացված բազմաթիվ ցեղասպանություններին և մարդկության դեմ իրագործված ոճրագործություններին՝ առանձնահատուկ շեշտելով նաև մեր օրերին ազգային ու կրոնական պատկանելիության հողի վրա իրականացվող հանցագործությունները։ Կիրակոսյանը ներկայացրել է նաև Ավստրիայի և Գերմանիայի խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ ընդգծելով Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցների իրավահաջորդների հանդիսացող այդ երկրների կողմից սեփական պատմությանն առերեսումը կարևորելը:
Քննարկումներինհանդես է եկել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ «Հայոց ցեղասպանությունը եվրոպական հիշողության մեջ» զեկույցով, որի հիմքում ընկած էին հայերի՝ երիտթուրքերի կառավարության կողմից ծրագրված և իրագործված զանգվածային ջարդերի վերաբերյալ եվրոպացի հումանիստների հուշերը, որոնցից են Ֆրիտյոֆ Նանսենը, Քարին Էփփեն, Յոհաննես Լեփսիուսը: Հայկ Դեմոյանը նաև անդրադարձ կատարեց եվրոպական կառավարությունների, մարդասիրական կազմակերպությունների, անհատների կողմից հայերին բնաջնջումից փրկելուն ուղղված ջանքերին և փրկվածներին ցուցաբերած օգնությանը։
Որպես բանախոսներ հանդես են եկել նաև Ավստրիայի, եվրոպական և այլ երկրների գիտահետազոտական կենտրոնների գիտաշխատողներ, ովքեր քննարկեցին Օսմանյան Թուրքիայում բնաջնջված մյուս ազգերի՝ ասորիների, հույների, կրոնական փոքրամասնությունների ճակատագիրը:
2015-ի ապրիլի 21-ինԱվստրիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի բոլոր 6 խումբը հանդել է եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտում են 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում զանգվածային սպանություները՝ դրանք որակելով որպես «ցեղասպանություն»:
Փաստաթղթում հղում է արվում նաև Ավստրիայի պատմական պատասխանատվությանը, քանզի այդ տարիներին Ավստրո-Հունգարական կայսրությունը հանդիսանում էր Օսմանյան կայսրության դաշնակիցը:
Պարբերականը տեղեկացնում է, որ 1.5 միլիոն հայերի սպանության փաստը վերջին շրջանում հանրային հնչեղություն է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Եվրոպական խորհրդարանի կողմից ցեղասպանություն որակվելու պատճառով: Ներկայացնելով Պապի հայտարարությունն առ այն, որ տեղի ունեցածը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»՝ «Շտանդարտը» նշում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի համար պապի խոսքերն «արժեք չունեն»:
Հայտարարության տեքստում ասվում է, որ «Ավստրիան պարտավորվում է սարսափելի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն և դատապարտել այն»: Միևնույն ժամանակ հայտարարությամբ կոչ է արվում Թուրքիային՝ առերեսվել իր անցյալի մութ ու ցավալի էջերին և Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը ճանաչել որպես ցեղասպանություն:
Փաստաթղթում նաև նշվում է, որ հայերի դեմ ուղղված ոճրագործությունը չպետք է մոռացության մատնվի: «Ազատության, խաղաղության ու մարդու իրավունքների մեր անքակտելի արժեքների ընկալումն անխզելիորեն կապված է բռնությունների, հետապնդումների, արտաքսումների ու զանգվածային սպանությունների զոհերի հիշատակն ըստ արժանվույնս պահելու հետ»,- ըստ պարբերականի՝ ասված է հայտարարության տեքստում: