14 հուլիսի 2016 - 11:43 AMT
Հայկական սմբուկի մուրաբան կներկայացվի մոսկովյան փառատոնում

Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի «Մոսկովյան մուրաբա. Բնության ընծաներ» փառատոնին, որի ընթացքում կներկայացվեն մուրաբաների տարբեր տեսակներ, այդ թվում էկզոտիկ` սմբուկի մուրաբա։

Մոսկվայի իշխանությունները որոշել են միավորել «Մոսկովյան մուրաբա» և «Բնության ընծաներ» փառատոնը և անցկացնել այն հուլիսի 15-ից օգոստոսի 7-ը, քաղաքում կտեղակայվի 33 թեմատիկ տաղավար, որտեղ կարելի է համտեսել մրգեր, մուրաբա, խորտիկներ և խմիչք տարբեր երկրների, հայտնում է Sputnik-Արմենիան:

Յուրաքանչյուր հարթակում այցելուները կարող են տեսնել մուրաբայի հսկայական տարաներ, որոշ կետերում անվճար մուրաբա կբաժանեն, հաղորդում է riamo.ru-ն` հղում անելով փառատոնի կազմկոմիտեին:

«33 տաղավար կլինի։ Մուրաբայի տարաների վրայի պատկերները նման են մուրաբայի այն տեսակներին, որոնք կներկայացվեն փառատոնի հարթակներում։ Օրինակ, Հայաստանի հարթակում կարելի է տեսնել սմբուկի մուրաբայի տարա»,- հաղորդել է կազմակերպիչ ընկերության ներկայացուցիչ Իրինա Սուխոտինան։

Փառատոնին կներկայացվեն 15 երկրի և ՌԴ 35 տարածաշրջանի լավագույն ապրանքները: Միայն մուրաբան 200 տեսակի կլինի: Բացի այդ, հյուրերին սպասվում են շուրջ 800 անվճար վարպետության դաս և ներկայացումներ: