5 ապրիլի 2007 - 18:30 AMT
Նիկոլա Սարկոզիին սպառնում են ահաբեկչությամբ
Փարիզի դատարանին առընթեր ահաբեկչության դեմ պայքարի խումբն սկսել է էլեկտրոնային նամակների ուսումնասիրությունը, որոնցում տեղեկացվում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Նիկոլա Սարկոզիի դեմ ծրագրվող ահաբեկչությունների մասին: Կասկածելի ուղերձների հեղինակները պնդում են, որ ահաբեկչությունը Սարկոզիի դեմ իրականացվելու է հինգշաբթի օրը` Լիոն նրա այցելության ժամանակ:

Հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ TV5 հեռուստաալիքի խմբագրությունը, ինչպես նաեւ Սոցիալիստական կուսակցության վարչակազմը հայտնել են նամակների մասին. դրանք վերնագրված են եղել «Սարկոզի-ահաբեկչություն-Լիոն-2007 թվականի ապրիլի 5»:

Ներկայումս իշխող Ժողովրդական շարժման միություն կուսակցության թեկնածուի եւ նախկին ներքին գործերի նախարար Սարկոզիի շրջապատում ձեռնպահ են մնում մեկնաբանություններից: Ահաբեկչության դեմ պայքարի մասնագետները փորձում են գտնել նամակների հեղինակներին: Աղբյուրները ոստիկանությունում պնդում են, որ դեռ ոչինչ չի մատնանշում, որ Սարկոզիի դեմ իրոք ահաբեկչություն է ծրագրվում:

Մարտի 26-ին ներքին գործերի նախարարի պաշտոնը թողած Սարկոզին հինգշաբթի նախընտրական արշավի շրջանակներում մեկնում է Լիոն: Նա հանդիսանում է Ֆրանսիայի նախագահական արշավի ֆավորիտներից մեկը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: