Ինչպես հայտնի է, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (44-5, 29 նոկաուտ) հաջորդ մենամարտը հուլիսի 16-ին է` Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Աբրահամի մրցակիցն է նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ):
Հուլիսի 13-ին Բեռլինում բռնցքամարտիկները և նրանց մարզիչները հանդիպել են լրագրողներին:
Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և հուլիսի 16-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը, տեղեկացնում է Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:
WBO վարկածի 2-րդ կիսամիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ապրիլի 10-ին կայացած մենամարտում պարտվել է մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին: Լաս Վեգասում կայացած մրցավեճում պարտությունն Աբրահամին զրկեց չեմպիոնական տիտղոսից:
Աբրահամը նշել է, որ Ուլի Վեգների հետ դիտել է մրցակցի մենամարտերի տեսագրությունները և պատկերացում է կազմել նրա մարտավարության մասին:
Թիմ-Ռոբին Լիհաուգն ընդգծել է, որ ինքը նույնպես պայքարելու է հաղթանակի համար:
Տեղի է ունեցել «հայացքների մենամարտը»:
Ռինգում մենամարտը ցուցադրվելու է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Երևանի ժամանակով հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը՝ ժամը 00:50-ին):
2016-ի փետրվարին Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Այս տիտղոսին հայ բռնցքամարտիկն արժանանում է արդեն 7-րդ անգամ: 2015-ի դեկտեմբերին Արթուր Աբրահամին է շնորհվել «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը:
«Արթուր արքան» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2015-ի հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:
Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009-ին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։