19 հուլիսի 2016 - 09:32 AMT
Արցախում մեկնարկել են բազմաստիճան շտաբային զորավարժություններ

Արցախի զինված ուժերում հուլիսի 18-ից մեկնարկել են բազմաստիճան շտաբային զորավարժություններ, որին մասնակցում են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբները, ղեկավարման և ապահովման մարմինները:

Զորավարժության նպատակն է կատարելագործել զինված ուժերի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբների գործնական ունակությունները, դրանց պատրաստության և փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև բարձրացնել բոլոր օղակի ղեկավարման մարմինների մարտավարամասնագիտական կարողություններն ու բարոյահոգեբանական հատկանիշները, ներգրավված սպայակազմի՝ իրադրության գնահատման և որոշումներ ընդունելու ունակությունները, դաշտային վարժվածության մակարդակը:

Զորախաղերի շրջանակում իրականացվում է մասնակից զորամասերին կցագրված սպայակազմի մասնակի լրահամալրում, անց են կացվում մարզումներ, ստուգվում մարտական ռեժիմով աշխատելու ունակությունները:

Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում> հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց: